Պահը պետք է օգտագործել․ շատ կարևոր է, որ դառնանք Արևմուտքի ազդեցության գոտի

Նախորդ շաբաթ ՀՀ ԱԺ-ում անցկացվեցին խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով։   


Civic.am-ը այս թեմայի վերաբերյալ զրուցել է քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի հետ, որը ներկայացրեց, թե ինչպիսին է  հասարակական արձագանքը այս հարցում։


«Ես դեռ չեմ հանդիպել որևէ, գոնե մեկ ադեկվատ մարդու, որը դեմ կլիներ Հայաստանի՝ Եվրոպա գնալու ճանապարհին, որը տեսնում է այլընտրանք։ Մարդիկ հենց այդպես էլ ասում են՝ լավ, եթե դա չենք անում, ո՞րն է այլընտրանքը։ Եվ ընդհանուր առմամբ միայն ու միայն ողջույնի խոսքեր եմ լսել այդ գաղափարին, համենայնդեպս հասարակության կողմից։ Մարդիկ հասկանում են այդ ամենի կարևորությունը, հասկանում են և գիտակցում, թե ինչ հեռանկարներ սա կարող է բերել»,- ասաց քաղաքագետը։  


Վերջինս կարծում է, որ շատ ճիշտ կլինի, որ մոտակա երեք ամսում այդ հանրաքվեն իրոք անցկացվի, որովհետև դա իր մեջ ունի շատ հստակ հիմնավորում. իրավիճակը փոխվում է, աշխարհը շուտ է փոխվում, տուրբուլենտ իրավիճակը արդեն չկա, և մենք չգիտենք՝ ինչ է լինելու մեր տարածաշրջանում, ինչ է լինելում ԱՄՆ-ում ընտրություններից հետո։


«Ըստ այդմ՝ մենք պետք է ավելի շուտ գործենք, մենք պետք է սկսենք վարել ոչ թե իրավիճակային քաղաքականություն, այլ լինել ավելի ակտիվ։ Ես կարծում եմ, որ այդ հանրաքվեն այն պրոակտիվ քայլերից մեկն է, որի հիմքում ընկած է ամենակարևորը՝ մեր երկրի անվտանգությունը։ Մեր խնդիրը հիմա է, ոչ թե երկու ամսում»,- ասաց քաղաքագետը։


 Ի հավելումն նա նշեց, որ հիմա մենք գտնվում ենք Ռուսաստանի ազդեցության գոտում, մենք պետք է դառնանք Արևմուտքի ազդեցության գոտու մաս, և եթե այդ որոշումը կայացնենք, նրանք մեզ կընդունեն։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան